Գլխավոր

Ռուս գործընկերների մասնակցությամբ երկու բարդ վիրահատություն

Վերջերս «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքում հյուրընկալվել էին Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Ն.Ն. Բլոխինի անվան Ուռուցքաբանության ազգային բժշկագիտական հետազոտական կենտրոնի Ռենտգենավիրաբուժական ախտորոշման և բուժման մեթոդների բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Իգոր Պոգրեբնյակովը և անգիովիրաբույժ Ստանիսլավ Վինցկովսկին։

Ինտերվենցիոն սրտաբան, ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանը նշում է, որ ՌԴ-ից ժամանած գործընկերները շրջայց են կատարել բաժանմունքում՝ բարձր գնահատելով դրա տեխնիկական հագեցվածությունն ու մասնագետների պատրաստվածությունը։ Այնուհետև կազմակերպվել են կոնսիլիումներ և գործնական պարապմունքներ։

Ռուս գործընկերները մասնակցել են Տիգրան Պողոսյանի կողմից իրականացված երկու վիրահատության։

Առաջին դեպքում, պացիենտն ունեցել է լյարդի հսկայական հեմանգիոմա՝ մոտ 15 սմ չափերով, որը տարիներ շարունակ ազդել էր կյանքի որակի վրա։ Կատարվել է էմբոլիզացիա։ Վիրահատությունն ու հետվիրահատական շրջանը անցել են առանց բարդությունների, և պացիենտը դուրս է գրվել երրորդ հետվիրահատական օրը։

Երկրորդ դեպքում, պացիենտն ունեցել է բավականին տարածված խնդիր՝ ձվարանային երակների վարիկոզ լայնացում՝ գանգատվելով փոքր կոնքի շրջանում ցավերից։ Կատարվել է էմբոլիզացիա, և արդեն հաջորդ օրը պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից։

Տիգրան Պողոսյանը ընդգծում է, որ համագործակցությունը Իգոր Պոգրեբնյակովի և Ստանիսլավ Վինցկովսկիի հետ շարունակական բնույթ է կրում։ Այժմ արդեն պարբերաբար տարբեր դեպքեր քննարկվում են օնլայն ձևաչափով, և ապագայում ևս նախատեսվում են փոխայցելություններ՝ փորձի փոխանակման նպատակով։

Բժիշկ Պողոսյանը նշում է, որ ինտերվենցիոն ռադիոլոգիայի զարգացումը նպաստել է նվազ ինվազիվ միջամտությունների կիրառմանը, ինչն ապահովում է բարձր արդյունավետություն և ցածր տրավմատիզացիա։

«Եթե նման հսկա հեմանգիոմայի դեպքում նախկինում անհրաժեշտ կլիներ լյարդի մասնահատում, ապա այս մեթոդի շնորհիվ հնարավոր դարձավ օրգանապահպան միջամտություն։ Ներանոթային կամ էնդովասկուլյար միջամտությունների միջոցով իրականացվում է միոմաների, շագանակագեղձի ադենոմաների, լյարդի բարորակ և չարորակ գոյացությունների, ինչպես նաև անոթային դեֆեկտների բուժում»,- նշում է նա։

×
facebook sharing button facebook